Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում շատ են կանխատեսումներն այն մասին, որ անխուսափելի են հետընտրական բախումները, մինչև անգամ՝ հավանական են համարում քաղաքացիական պատերազմը։
Ընդդիմադիր մի շարք ուժեր համոզված են, որ ներկա իշխանությունները միտումնավոր ծայրահեղ վատ զարգացումների կտանեն, որպեսզի դրանով քողարկեն իրենց խայտառակ պարտությունն ընտրություններում։ Արդյունքում՝ արտակարգ դրություն կմտցնեն և ուժի կիրառմամբ կձգձգեն իրենց իշխանությունը՝ ի վնաս Արցախի և Հայաստանի։
Այդպիսի կանխատեսումներ են հնչեցրել նաև ՀՀ առաջին, երրորդ նախագահները։
Թեմայի մասին մասնագիտական կարծիք լսելու նպատակով Armneia Today-ը զրուցեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։
«Իմ կանխատեսումը այդ աստիճան ապոկալիպտիկ չէ։ Բախումների հավանականություն կա՛ իհարկե, մանավանդ եթե պետական ատյաններն ամեն ինչ անեն, որպեսզի այդ բախումները լինեն»,- նշեց քաղտեխնոլոգը՝ հիշեցնելով օրերս տեղի ունեցած փոքր բախումները, որոնց պատճառն ընտրողների հետ հանդիպումները նույն ժամին, նույն վայրում նշանակելն էր։
Ի վերջո, եթե ամեն ինչ անես, որպեսզի հակադիր ընտրազանգվածները բախվեն իրար, ապա դա տեղի կունենա՝ անկախ այն բանից, թե ով է շատ, ով՝ քիչ․
«Մենք տեսանք, թե ինչպես «Քաղաքացիական պայմանագիր»-ը հարձակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա»,- հիշեցրեց քաղտեխնոլոգը։ Նման դեպքերում մարդիկ ամբոխի հոգեբանությամբ են առաջնորդվում և անում են բաներ, որոնք սովորական կենցաղում չէին անի։ Երևույթը մեծապես կախված է նաև ընտրությունների արդյունքներից։
«Եթե պարտված կողմի ընկալումը լինի այնպիսին, որ ինքն իսկապես պարտվել է, ապա ինչքան էլ կանչես փողոց, դուրս չի գալու։ Մարդիկ դուրս կգան բողոքի, եթե զգան, որ իրենց խաբել են։ Հարց է, թե հակադիր կողմն այդ ժամանակ լինելո՞ւ է փողոցում, թե՞ ոչ։
Ընտրազանգվածների միջև լոկալ բախումներ հնարավոր են, բայց հիմնական բախումը, եթե այդպիսին լինի՝ տեղի կունենա քաղաքացիական ընտրազանգվածի և ուժային կառույցների միջև։
Ուժային կառույցները կարող են գնալ ժողովրդի դեմ, եթե իհարկե չզգան, որ կարծես թե՝ իշխանությունը փոխվել է։ Այդ դեպքում գուցե իրենք էլ անցնեն ընդդիմության կողմը։
Վիգեն Հակոբյանը 8-րդ գումարման Ազգային ժողովը պատկերացնում է՝ 4 քաղաքական ուժերից բաղկացած։ Ներկա իշխող կուսակցությունը կլինի ԱԺ-ում ներկայացված, սակայն իշխանություն ձևավորելու շանս չի ունենա, քանի որ չունի «պոտենցիալ պարտնյոր», ԱԺ կանցնի նաև «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներն ու ԲՀԿ-ն։
Արաքսյա Սնխչյան