Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունները՝ դրանք որակելով բամբասանքներ:
«Մենք չենք քննարկել այս հարցը և չենք մեկնաբանում լուրերը»,- TACC-ի փոխանցմամբ, այդ մասին ՌԴ նախարարն ասել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Իր հերթին Ռուսաստանի Դաշնության nախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկատվությանը:
«Իհարկե դա մեր ուշադրության կենտրոնում է», – ասաց Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով համապատասխան տեղեկատվությունը:
«Մենք համագործակցում ենք Թուրքիայի Հանրապետության հետ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու հարցում»,- հավելեց Պեսկովը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում Ադրբեջանի տարածքում կարող է ստեղծվել թուրքական ռազմաբազա: