Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները: Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հարցին՝ ի՞նչ է լինելու, եթե «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից, Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ մանդատներից հրաժարվելու ինստիտուտն ավելի քաղաքական բնույթ կրող ինստիտուտ է ։
Ըստ նրա՝ այս փուլում մանդատներից հրաժարման ինստիտուտ չունեն ամրագրված։
«Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ թեկնածուները, որոնց մանտադներ են տրամադրվում, հրաժարվում են ստանալուց՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով»,- հավելեց նա։
Այն դեպքում, երբ ամբողջ խմբակցությունն է հրաժարվում մանդատից, Մուկուչյանի խոսքով, սա նշանակում է, որ ոչ ոք մանդատ չի ստանա և խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան։
ԿԸՀ նախագահն անդրադարձավ ընտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ մի շարք տեղամասերի հոսանքազրկմանը:
Մուկուչյանը վստահեցրեց, որ փորձել են համապատասխան ծառայությունների միջոցով առավելագույնս կարճ ժամկետներում իրականացնել վերականգնում:
«Տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չենք ունեցել, որովհետև կային համապատասխան մարտկոցներ, որոնք հնարավորություն էին տալիս նույնիսկ հոսանքազրկման դեպքում շարունակել աշխատանքը: Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էին, բայց վերականգնվելու պարագայում դրանք ըստ էության վերականգնվում էին»,- պարզաբանեց նա։
Դիտարկմանը՝ պատահակա՞ն էին արդյոք հոսանքազրկումները, նա ընդգծեց, թե նման դատողություն անելու համար պետք է լուրջ հիմքեր ունենալ:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության արդյուքներով խորհրդարան են անցել Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը։