Գեղարքունիքի մարզում Ռուսաստանի սահմանապահ զորքերի տեղակայման շուրջ բանակցությունները շարունակվում են, դեռ վերջնական որոշում չկա:Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Գլխավոր շտաբի պետը համոզմունք է հայտնել, որ բանակցությունները հաջող կավարտվեն:
«Մեր նպատակն է ստիպել Ադրբեջանին, որ անհրաժեշտության դեպքում, ռուսական կողմի հետ համագործակցելով, առանց բախումների դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից»,- ասաց Արտակ Դավթյանը:
Նա շեշտել է, որ բանակցությունները վարվում են բացառապես ռուսական կողմի հետ, այլ երկրների հետ տարբերակներն այս պահին չեն քննարկվում:
Նա նաև նշել է, որ հայկական կողմը զիջումների չի գնալու, նահանջ չի լինելու, ամեն ինչ լուծվելու է բանակցությունների ընթացքում։ Ի դեպ՝ Դավթյանը հավաստիացրել է, որ մեր տարածքների մասին քննարկման կարիք ադրբեջանական կողմի հետ չի տեսնում։