ՀՀ տարածքում շարունակում է գտնվել ավելի քան 1000 ադրբեջանցի զինծառայող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Ընդհանուր թիվը մնացել է նույնը։ Ամենօրյա գործունեության ընթացքում՝ 10-20-ով ավելի կամ պակաս լինելը առօրյա խնդիրներ են, ընթացքում իրականացնում են հերթափոխ կամ ապահովման այլ հարցեր»,- նշել է Դավթյանը և հավելել, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ում ադրբեջանցի զինծառայողների թիվը մնացել է անփոփոխ։
Խոսելով սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցող միջադեպերի մասին՝ ԳՇ պետն ասել է, որ դրանք պակասել են։
«Նախկինում այն քանակությամբ, որ տեղի էին ունենում, այս պահի դրությամբ չկան։ Դա պայմանավորված է բանակցային գործընթացով, որն ակտիվ ընթացքի մեջ է։ Այդ պրոցեսին չվնասելու համար շատ բան չի ասվում, վերջնական արդյունքները տեսանելի կլինեն այն տարբերակով, որը մենք կներկայացնենք»,- նշեց Դավթյանը։