Եղել են այդպիսի պաշտոնյաներ, որոնք փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել: Ավելի կոնկրետ, օրինակ գերիների հարցը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը ստել է՝ հայտարարելով, որ պաշտոնական Երևանը չունի Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզներ և նման կերպ նա խոչընդոտել է հայ ռազմագերիների վերադարձին։ Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում, երբ պարոն Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց: Պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, նա մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները չունենք: Երբ որ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծել»,-նշել է նա։
Ճշտող հարցին՝ փաստորեն, Հայաստանի նախկին արտգործնախարարը ստո՞ւմ էր՝ նա պատասխանել է․ «Ոչ միայն ստում էր, այլ տորպեդահարում էր, նա ցանկություն չուներ Հայաստանի անվտանգության հարցերը լուծել, նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել, նա պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ»։