Մարզպետարանի շենքում ծեծի ենթարկված Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը մարմնական վնասվածքներ է ստացել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Արսեն Տիտանյանը։
Նա հիվանդանոցում բուժզննություն է անցնում և փոխանցեց, որ մեր հարցերին պատասխանել չի կարող։
Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ:
Պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ գյուղապետին ծեծի են ենթարկել։
Արմեն Գևորգյանը նշել է, որ մարզպետարանի շենքում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր հերթին հաղորդել է, որ Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա հարուցել քրեական գործ։