ՀԱՊԿ-ում կբացվի ռազմական տեխնիկայի և զենքի ցուցահանդես: Այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է հունիսի 22-ին՝ զենքի և ռազմական տեխնիկայի MILEX-2021 10-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ:
«Ցուցահանդեսի բիզնես ծրագրի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք քննարկել ռազմարդյունաբերական համալիրների, այդ թվում՝ մեր կազմակերպության անդամ պետությունների ինտեգրման հետ կապված բազմաթիվ հարցեր»,- ասաց Զասը:
«Ցուցահանդեսային աշխատանքն էլ ավելի բարելավելու համար մենք առաջարկեցինք կազմակերպել զենքի և ռազմական տեխնիկայի ցուցահանդես ՀԱՊԿ ձևաչափով և երախտապարտ ենք մեր կազմակերպության անդամ երկրների կողմից այս առաջարկին աջակցելու համար»:
MILEX ցուցահանդեսը համարվում է ամենամեծերից մեկը Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում` լուծվելիք խնդիրների մասշտաբով, մասնակիցների կազմով և մակարդակով, ենթակառուցվածքներով: 2001 թվականից ի վեր՝ զենքի այս լայնամասշտաբ շոուն ավանդաբար գրավել է ռազմական արտադրանքի առաջատար արտադրողների ուշադրությունը: