Ըստ մամուլում տարածված լուրերի՝ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դիմումը ներկայացրել է ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 21-ի ուշ գիշերը։ Այժմ վարչական շրջանի նոր ղեկավարի փնտրտուքներ են ընթանում։
Տեղեկությունը ճշտելու համար Armenia Today-ի թղթակիցը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստացել է աշխատանքից սեփական կամքով ազատելու մասին Մհրյանի դիմումը և ստորագրել այն»,- ասաց Կարապետյանը։
Մեր հարցին, թե արդյո՞ք Մհրյանի ազատումը կապ ունի Աջափնյակում օրերս տեղի ունեցած միջադեպի հետ, Կարապետյանն ասաց․
«Տեղյակ չեմ թաղապետի անձնական դրդապատճառներին։ Դա բամբասանք է»,- ասաց քաղաքապետարանի խոսնակը։
Հիշեցնենք, որ որոշ տեղեկություններով, մի քանի ՔՊ-ականներ՝ նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են թաղապետարան՝ անձամբ Մհրյանի աշխատասենյակ և նրան ու տեղակալներին մեղադրել են չաշխատելու մեջ։
Տեղեկություններ կան, որ մինչ այժմ էլ Մհրյանը բազմիցս հակասություններ է ունեցել ՔՊ-ի հետ եւ հաճախ ղեկավարության կողմից հանձնարարականներ է ստացել, որոնք իր սրտով չեն եղել։