Արդարադատության նախարարությունը շարունակում է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու ծրագիրը։ Այս մասին հաղորդում են Արդարադատության նախարարությունից։
Նախարարությունը, ՀայՓոստի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Գյումրիում հունիսի 23-ին գործարկել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ։ Այն տեղակայված է Գյումրի քաղաքի ՀայՓոստի 3102 փոստային բաժանմունքի տարածքում։
Միասնական գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն։
Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը և այլք։
Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ կառավարությունը դեռևս 2018 թվականից արձանագրել է, որ հանրային կառավարման բարեփոխումները առաջնահերթություն են:
«Այդ բարեփոխումները բաղկացած են 4 հենասյուներից, որոնցից մեկը հենց հանրային ծառայությունների մատուցումն է, որովհետև հանրային ծառայությունների մատուցման որակից է նաև կախված պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների մակարդակը»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը և տեղեկացրել, որ հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում հաջորդ քայլն ուղղված է լինելու ծառայությունների մատուցման թվային հարթակների ստեղծմանը, հեռախոսային հավելվածների միջոցով ծառայությունների ստացմանը․ վերջինն ակնկալվում է ունենալ մինչև այս տարեվերջ: