«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շտապում շնորհավորել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու նրա ղեկավարին հաղթանակի կապակցությամբ:
Չեն շտապում Փաշինյանին շնորհավորել նաև իր ԵԱՏՄ գործընկերները, բացառությամբ Լուկաշենկոյի, թեև հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ընտրություններում ականատես են դարձել Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակին ու շնորհավորել էր հայ ժողովրդին՝ ընտրության առիթով»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Սակայն մի շարք փորձագետների և քաղաքագետների համոզմամբ, իրականում այդ ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև որոշ առումներով ավելի է խորացել: Մասնավորաբար, քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը կարծում է, որ եթե ընտրություններին արդյունք է գրանցվում միջամտությամբ, ապա այն չի լուծում ճգնաժամը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեից Նիկոլ Փաշինյանն ընդունում է մարդ-կուսակցությունների առաջնորդներին, որոնք մասնակցում էին ընտրապայքարին, բայց նրանց հիմնական առաքելությունը ձայներ փոշիացնելն ու Փաշինյանի հաղթանակին նպաստելն էր։
Ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան ռոմանտիկ դաշինքից՝ Լեւոն Շիրինյանին եւ Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին, նաեւ Տիգրան Ուրիխանյանին՝ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի ղեկավար, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, Տիգրան Արզաքանցյանին, Սամվել Բաբայանին, Դավիթ Սանասարյանին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները կանգնած են խնդրի առջեւ եւ պետք է առաջիկայում Արտաքին գործերի նախարարությունում նախարարի եւ փոխնախարարների նշանակումներ կատարեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս թեմայի հետ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում բուռն քննարկումներ են:
Բանն այն է, որ նախարար պետք է նշանակվի այնպիսի մարդ, որը ընդունված կլինի ռուսական կողմից: Հիմա Նիկոլ Փաշինյանը փնտրտուքների մեջ է եւ փնտրում է անգամ թիմից դուրս մարդկանց, որին կկարողանա այդ պաշտոնին նշանակել: Ինչպես նշեցինք, խնդիրը միայն նախարարի նշանակումով չի սահմանափակվում. նախարարությունում թափուր են նաեւ փոխնախարարների հաստիքները եւ այդտեղ եւս պետք է համապատասխան նշանակումներ կատարվեն»։