Armenia Today-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի կազմակերպիչները «թայմաութ» են վերցրել։ Սպասում են, որ Արայիկ Հարությունյանի խաղն ավարտվի, որպեսզի վերսկսեն՝ արդեն իշխանափոխության ճանապարհային հստակ քարտեզ հրապարակելով։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ Արայիկ Հարությունյանի ցուցումով՝ իր հրաժարականը պահանջող և նախկինների կողմից ուղղորդվող խմբին է միացել Արցախում հայտնի Արթուր Օսիպյանը, ով Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաքների ժամանակ ընդդեմ նախկինների ելույթներ է ունեցել։ Այս փաստը դուր չի եկել նախաձեռնող իրական խմբին, և որոշել են, որ ինչ-որ պահ դադար վերցնեն, որպեսզի Օսիպյանն իր անելիքն ավարտի, ու նոր միայնակ իրագործեն իրենց պլանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի բմբուլները քամուն էր տալիս՝ իր «հագով» Սահմանադրություն եւ օրենքներ «կարելու» համար, հիմա ինքն է զբաղված նույն գործով։ Կառավարությունը մտադիր է մարզպետների կուրացիան վերցնել տարածքային կառավարման նախարարից եւ տալ փոխվարչապետներից մեկին` նրան, ում կպատվիրակի վարչապետը։ Այդ փոփոխությունից հետո մարզպետի ինստիտուտը հաշվետու կլինի փոխվարչապետին։ Նախագծում երկար-բարակ ներկայացրել են գործառույթները, ապա հիմնավորել․ «Նշված փոփոխությունների արդյունքում կբարձրացվի մարզպետների հաշվետվողականությունը եւ վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը»: Բայց իրականում պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն այս փոփոխությունն իրականացնում է կոնկրետ պաշտոնյայի համար: Սա նշանակում է, որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հարցը փակ է, եւ նա կդառնա փոխվարչապետ, իսկ մինչ պաշտոնին նշանակվելը, նախարարի նախկին գործառույթներն իր հետ կտեղափոխի փոխվարչապետի գործառույթների տիրույթ։ Հավանաբար, Պապիկյանն արդեն մարզպետների հետ լեզու է գտել, դրա համար էլ օրենքը փոխում են, որ մեկ ուրիշը նոր տողից չսկսի աշխատանքը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն ու Սոֆյա Հովսեփյանը նախաձեռնել են ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման եւ ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին»: Անկախ պատգամավորները տեքստում ամրագրում են, որ Արցախի որոշ բնակավայրեր օկուպացված են Ադրբեջանի կողմից, եւ որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե Արցախի հարցի կարգավորման, այլ հրադադարի պարտադրանքով ստորագրված հայտարարություն է: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում միաձայն ընդունվել էր հայտարարության նախագիծը, որը պետք է հերթական նիստերի օրերին ներառվեր ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, սակայն հունիսի 15-ից մեկնարկած նիստերն այդպես էլ չկայացան. քվորում չկար, ու Արցախի ապագային առնչվող կարեւորագույն փաստաթղթի քննարկումը եւ քվեարկությունը չկայացան: Երեկվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նստաշրջան, սակայն անկախ պատգամավորների նախաձեռնությունն այդպես էլ չի ներառվել ԱԺ-ի կողմից քննարկվող հարցերի շարքում: Պատգամավորների բոլոր փորձերը՝ այս օրերին կազմակերպելու Արցախի ապագային առնչվող կարեւորագույն փաստաթղթի քննարկումը, ապարդյուն է անցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եւ՛ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, եւ՛ «Իմ քայլը» խմբակցությունը չեն ներառել հարցը քննարկվող օրինագծերի շարքում: Հավելենք, որ այսօր արդեն գոյություն չունեցող Արտաքին գործերի նախարարոթյունը եւ կառավարության մյուս ոլորտային գերատեսչությունները դրական գնահատական են տվել անկախ պատգամավորների նախաձեռնությանը: Ու հետաքրքիր է, թե ինչու է ԱԺ-ն վիժեցնում Արցախի ապագայի փաստաթուղթը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո պետք է տեղի ունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որն էլ, Սահմանադրության համաձայն, կդառնա գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը: Օրենսդրության համաձայն, ԱԺ առաջին նիստը պետք է հրավիրվեր հուլիսի 5-ին: Սակայն, ինչպես հայտնի է, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները որոշել են դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով: Իսկ դա նշանակում է, որ հուլիսի 5-ին առաջին նիստը չի կայանա: ՍԴ-ն կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը, նշանակել ընտրությունների երկրորդ փուլ: ՍԴ-ն այս հարցով որոշում է կայացնում 15-օրյա ժամկետում, այսինքն, մինչև հուլիսի 17-ը: Մասնագետների համոզմամբ, նման ծավալի գործի քննությունը նույնիսկ ֆիզիկապես հնարավոր չէ 10 օրից պակաս ժամկետում քննարկել, ինչը նշանակում է, որ ԱԺ ընտրությունների արդյունքները չչեղարկելու դեպքում ՍԴ-ում անգամ ամենաարագ քննության դեպքում ԱԺ առաջին նիստը կարող է տեղի ունենալ հուլիսի 19-ին (ինչը գրեթե անհավանական է) կամ 26-ին (առավելագույնը՝ օգոստոսի 2-ին): Ի դեպ, հենց նույն օրն էլ, օրենսդրության համապատասխան, ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի, որից հետո վերջինս 15 օր կունենա կառավարություն ձևավորելու համար: Դե, իսկ եթե ՍԴ-ն որոշում ընդունի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, ապա նոր խորհրդարանի ձևավորման գործընթացը կձգձգվի առնվազն մեկուկես-երկու ամսով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գերծերով քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ քրեական գործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Ինչպես հայտնի է, 10 դատավորի աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր էին տեղադրվել, եւ, տեղեկությունների համաձայն, այդ գործընթացից տեղեկացված է եղել անգամ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Այդ դատավորներն էին Ռոբերտ Պապոյանը, Նելլի Բաղդասարյանը, Աննա Դանիբեկյանը, Սերժիկ Ավետիսյանը, Տիգրան Փոլադյանը, Գեւորգ Նարիմանյանը, Վազգեն Ռշտունին, Մխիթար Պապոյանը, Դավիթ Գրիգորյանը եւ Մանուկ Մարգարյանը: Եվ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենեւին էլ պատահական չէ, քանի որ նրանցից շատերը եղել են աղմկահարույց գործեր քննողներ: Եվ այս ամենի արդյունքում դատավորների աշխատասենյակներում ներքին դիտումներ են կատարվել, լսվել են նրանց հեռախոսային խոսակցությունները, դիտարկվել է նամակագրությունը, եւ բացահայտումներ են եղել։ Իսկ այժմ էլ քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով, եւ առջեւում նոր բացահայտումներ կլինեն»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը պատրաստվում է մաքսատուրքից ազատման արտոնություններ տալ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը եւ «Հայաստան» դաշինքի ցուցակում ներառված, նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը: 2 հարցն էլ ներառված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում: «ԴՌԱԳՍՄԱՆ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ապրանքային բետոնի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 291 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ըստ նախագծի՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 121 մլն դրամի ներդրում՝ գործարանի կառուցման եւ 170 մլն դրամի ներդրում սարքավորման ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 25 նոր աշխատատեղ` 220 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3․3 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 170 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 17 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Ինչ վերաբերում է «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը, ապա նրանց կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար։ Ընկերությունը շուտով շահագործման կհանձնի գերհզոր եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած զուգագուլպայի արտադրամաս, որը հնարավորություն կտա ստեղծելու 80 նոր աշխատատաեղեր՝ 167 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ըստ նախնական տվյալների՝ մինչեւ 2024թ նախատեսվում է արտադրել շուրջ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում, 80%-ը՝ արտահանել միջազգային շուկա, որից 50%-ը՝ Ռուսաստանի Դաշնություն, իսկ 30%-ը՝ ԵՄ երկրներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․1 մլրդ դրամի ներդրում հումք եւ նյութերի, ինչպես նաեւ հավելյալ 1․2 մլրդ դրամ նոր սարքավորումների ձեռքբերման համար:Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։