Ծանրամարտի ՀՀ բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց և կանանց հավաքական թիմերի մարզիկների ամենօրյա մարզումները ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի չափորոշիչներին համապատասխան մարզագույքով իրականացնելու համար լրացուցիչ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով վերոնշյալ խնդրի վերաբերյալ նախագիծը։
«Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ ժամանակահատվածում ՀՀ հավաքական թիմերին համապատասխան ծանրաձողերով (5 տղամարդկանց և 2 կանանց) ապահովելու համար, նպատակահարմար է թույլատրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային անհրաժեշտ գույքը ձեռք բերել հրատապ՝ մեկ անձից գնման ձևով: Խնդիրն այն է, որ հավաքական թիմի անդամները մինչև օլիմպիական խաղերի սկիզբը պետք է որոշակի ժամանակահատված հասցնեն պարապեն նոր մարզագույքով»,- ասաց նա։
Ըստ նախագծի՝ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին ՀՀ ըմբշամարտի հավաքականի լավագույնս նախապատրաստվելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխման արդյունքում լրացուցիչ հատկացնել ևս 8,420.0 հազար դրամ:
«Խնդիրը ծագեց այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ մեր մարզիկները միջազգային ստանդարտների համապատասխան ծանրաձողեր չունեն։ Նրանց հետ մեր հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 27-ին։ Այսօր հուլիսի 1-ն է․ ինչո՞ւ է երկու ամիս անց այս որոշումը կայացվում, և ծանրաձողերը ե ՞րբ կլինեն տեղում։ Ես նշել էի, որ ունենք 20 լրակազմ ծանրաձողի անհրաժեշտություն։ Որոշումից եմ տեղեկանում, որ 7 լրակազմ է հատկացվելու։ Նման գործելակերպը ես չեմ հանդուրժելու։ Եթե ասել եմ 20-ը պետք է լինի, ուրեմն 20-ը պետք է լինի»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։