Մեր պետականության պատմության ընթացքում ընդունված յուրաքանչյուր սահմանադրություն նշանավորել է մի նոր էջ մեր պետության կյանքում: Այսօր մենք ապրում ենք բարդ ժամանակներում: Ստանդարտ լուծումներին զուգահեռ՝ անհրաժեշտություն կա նաև ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել՝ հաղթահարելու առկա բազմաշերտ և բազմաբաղադրիչ ճգնաժամը: Այս մասին Սահմանադրության օրվա իր ուղերձում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Այսօր կարիք ունենք նախապատրաստելու անհրաժեշտ հիմք մեր պետության կյանքում նոր էջ բացելու համար: Վերջին երեք տարիներն ավելի ակնհայտ դարձրեցին, որ գործող Սահմանադրության առանձին դրույթներ չեն նախատեսում լավագույն լուծումները մեր երկրի ու հասարակության առաջ ծառացած բոլոր մարտահրավերներին և ճգնաժամերին արագ, լիարժեք ու հավասարակշռված արձագանքելու համար:
Հետևաբար, գիտակցելով Սահմանադրության, որպես ամբողջական փաստաթղթի կենսական կարևորությունը յուրաքանչյուրիս և ողջ երկրի համար, անհրաժեշտություն կա կատարելագործել այն, դարձնել երկրի ապագային միտված, մեր պետական և ազգային շահերից բխող առաջնահերթություններին առավել համահունչ՝ միաժամանակ, անվերապահորեն հավատարիմ մնալով Սահմանադրության անփոփոխելի հոդվածներով ամրագրված սկզբունքներին:
Ի վերջո, Սահմանադրությունը պետք է ոչ միայն հռչակի այդ հիմնարար սկզբունքները, այլև ունենա դրանք պաշտպանելու և կյանքի կոչելու բավարար գործուն կառուցակարգեր:
Աշխատանքը մեր պետականության ամրապնդման ուղղությամբ պետք է լինի շարունակական: Իսկ այսօր առավել ևս պետք է լինենք միասնական, կարգապահ ու աշխատասեր, զինվենք դժվարությունները հաղթահարելու համառությամբ, Հայրենիքի հանդեպ սիրով ու լավատեսությամբ:
Պետք է անենք առավելագույնը պետականության պահպանման, մեր ազգային ինքնության վերաիմաստավորման, ազգային գաղափարախոսության սահմանման և հաջորդ սերունդներին արժանապատիվ ապագա ապահովելու համար:
Մայր Օրենքի հանդեպ հարգանքը, դրանով մեր իրավունքներին տեր լինելը և, միաժամանակ, մեր պարտականությունները կատարելն այդ գործընթացների անբաժանելի մասն են»,- գրել է նա: