Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը հանդիպման ժամանակ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:
Այս մասին լրագրողներին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական ԶԼՄ-ների հրապարակումներին այն մասին, որ երկու երկրների առաջնորդները հանդիպման ժամանակ, իբր, կարող են դիտարկել Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակները և ստորագրել համապատասխան փաստաթուղթ:
«Այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքի:
«Իհարկե, և՛ Ղարաբաղը կքննարկվի, և՛ ռուս զինվորականների հարցը, որոնք այժմ այնտեղ են տեղակայված, և ընդհանուր առմամբ կքննարկվեն երկկողմ հարաբերությունները։ Սակայն որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը, Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: