Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի ներկայացրած պահանջին։
Նրա տեղեկացմամբ՝ ինքը դատավարության ընթացքում ներկայացուցիչ է լինելու։
«Կարող ենք բացել ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, կարդալ այնտեղ ինչ գնահատականներ են տրվում ընտրություններին և համեմատել, օրինակ, 2017 թվականի կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետ։ Կտեսնեք՝ այդ գնահատականների միջև ինչ տարբերություններ կան։ Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող, անցել են արդար մրցապայքարում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Բադասյանի խոսքով՝ միջազգային կազմակերպությունների կողմից բարձր գնահատականի են արժանացել թե՛ 2018-ի ընտրությունները, թե՛ 2021-ին տեղի ունեցած ընտրությունները։
«Բոլորս պետք է այս ընտրությունների կապակցությամբ իրար շնորհավորենք, որովհետև սա բոլոր քաղաքացիների ձեռքբերումն է»,- ասաց նա։
Ի դեպ, լրագրողի հարցին՝ Սահմանադրությունում որտե՞ղ է գրված, որ, եթե համայնքապետն ընդդիմադիր քաղաքական ուժով է մասնակցել ընտրություններին, պետք է անպայման հրաժարական ներկայացնի, Բադասյանն արձագանքեց․
«Ոչ միայն Սահմանադրությունում, այլև կառավարության որևէ քաղաքականության մեջ նման բան չկա»։