Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի գլխավորած պատվիրակությանը:
Նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վարհեիի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ այս այցը դիտարկվում է որպես ԵՄ-ի շահագրգռվածություն` զարգացնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ:
«Հայաստանը նույնպիսի հետաքրքրվածությամբ է տոգորված զարգացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամից հետո մեր երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների գնահատմամբ համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին:
«Ըստ էության, մեր երկրում առաջին անգամ է, որ ժողովրդավարական պրոցեսները դարձան ճգնաժամի հաղթահարման միջոց, քանի որ սովորաբար Հայաստանում ընտրությունները հարուցել են ճգնաժամեր: Այսպիսով մեր երկրում մի շատ կարևոր ինստիտուտ է կայացել` դա ընտրությունների ինստիտուտն է, ինչը նաև Եվրամիության աջակցությամբ է տեղի ունեցել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կարևորել հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը և բարձր գնահատել նախընտրական շրջանում 15 գերիների վերադարձի գործում Եվրամիության, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներդրումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հումանիտար բնույթի քայլերի իրականացմանը և կարևորել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ջանքերը:
Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող խոշոր փաթեթը ՀՀ կառավարությունը համարում է ոչ այնքան որպես խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, այլ եվրոպական արժեքների ներդնում մեր երկրում: