«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Սահմանադրական դատարանն ավարտեց ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին չորս քաղաքական ուժերի դիմումների քննարկումը։ Դատարանը գնաց խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու։ Ըստ ամենայնի, որոշումը կհրապարակվի հուլիսի 17-ին: «Փաստ» թերթի հետ զրույցում մի քանի իրավաբաններ կարծիք են հայտնել, որ հազիվ թե ՍԴ-ն որոշում կայացնի անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները. այս տարբերակը համարվում է ամենաանհավանականը: Քիչ հավանական է համարվում նաև ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու տարբերակը: Իրավաբանների կարծիքով, ամենաօպտիմալ ու հավանական տարբերակը կարող է լինել մանդատների բաշխման կարգ սահմանելը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած վերջին օրերին լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մի քանի ԲՀԿ-ականներ փոխնախարարների պաշտոններ կստանան, անգամ անուններ են նշվում՝ Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի և Արման Աբովյանի, սակայն, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը չի գնալու այդ քայլին, և նման պայմանավորվածություն նրանց միջև չկա։ Վերջին հանդիպումն էլ Փաշինյանի ու Ծառուկյանի միջև կայացել է մի քանի փորձից հետո․ ԲՀԿ առաջնորդին համոզել են, որ հետընտրական փուլն այլ է, և ժողովուրդն էլ իր քվեն տվել է Փաշինյանին, ուստի, ընդդիմությունը եթե շարունակի պահանջել նրա հրաժարականը, դեմ է գնում ժողովրդի կամքին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկու ամիս է, ինչ թշնամին մխրճվել է Հայաստանի սահմանից ներս, և հարց է առաջանում, թե ինչով է զբաղված Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ուժային կառույցը՝ Ազգային անվտանգության ծառայությունը: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը, նկատեց, որ ԱԱԾ-ն զբաղված է գրեթե ամեն հարցերով, բացի սահմանային անվտանգության հարցերից: Օրինակ՝ պաշտոնական կայքում կարող ենք հանդիպել տեղեկատվության, որ բացահայտվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպք, կրթության ոլորտում կաշառք ստանալու դեպք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք և այսպես շարունակ, և ոչ մի հաղորդագրություն չկա սահմանի, երկրի անվտանգության, լրտեսների բացահայտման և իրականում մեր երկրի անվտանգային իրավիճակի մասով»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Գորիս քաղաքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով կան վիրավորներ: Ըստ տեղեկությունների՝ «ռազբորկայում» ներգրավված են եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատները: Իսկ ընդհանրապես, «Փաստ» թերթի աղբյուրների համաձայն, վերջին օրերին Գորիսը վերածվել է յուրատեսակ «Սիցիլիայի»։ Բանն այն է, որ, ըստ գորիսեցիների, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը մոտ տասն օր է՝ ֆիզիկապես չի հասցնում զբաղվել քաղաքի բոլոր խնդիրներով, մասնավորաբար Գորիսում կարգուկանոն հաստատելու գործով, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ինչպես Սյունիքի այլ համայնքապետների, այնպես էլ Առուշանյանի նկատմամբ գործեր են «կարվում», իրավական գործընթացներ են սկսել: Արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, որոշ շրջանակներ Գորիսը նորից փորձում են վերածել կրիմինալ կենտրոնի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերին հուլիսի 24-ին կրկին հանդիպման է հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը նպատակ ունի ամեն ամսվա վերջին շաբաթ օրը հանդիպել արտախորհրդարանական ուժերի հետ:
Իսկ իրականում այդ ուժերի հետ հանդիպումներն ընդամենը վերահսկողության տակ պահելու, խաղաղեցնելու, փողոցային պայքարից հեռու պահելու նպատակ են հետապնդում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ մինչև այժմ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ որևէ պայմանավորվածություն չի եղել, որևէ ձևով չի ասվում, թե առաջիկայում այդ հանդիպումները ինչ են տալու, կամ ընդհանրապես որն է այդ հավաքների իմաստը:
Շատերը կարծել են, որ Փաշինյանը նպատակ ունի կիսել իշխանությունը նրանց հետ, կառավարությունում քաղաքական ուժերի լիդերներին պաշտոններ հատկացնել, սակայն մինչև այժմ որևէ բան չի արվել, որևէ խոստում չի տրվել»: