ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ:
Օրինագծի համահեղինակ Վիկտոր Ենգիբարյանի խոսքով՝ այս փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից։
«ՀՀ-ն արդեն խորհրդարանական պետություն է, և մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից օգտվելու՝ հիմնականում սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ»,- նկատեց իշխանական պատգամավորը։
Նրա հիմնավորմամբ՝ օրենքի փոփոխությամբ ուժեղացվում է պատգամավորի ինստիտուտը։