«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ պատգամավորի ծախսերի համար ավելացվող գումարն իրենց անհրաժեշտ է մարզային այցերի դեպքում։
«Մարզ մեկ այցի համար 60-70 000 դրամ գումար ենք ծախսում՝ բենզին է, սնունդ, գիշերակաց։ Հատկապես մարզեր այցելող պատգամավորների դեպքում կարող եմ ասել, որ այդ գումարն անգամ քիչ է։ Վայոց ձորի գյուղեր գնալու համար մոտ 60 լիտր բենզին է ծախսվում»,- հաշվարկները ներկայացրեց պատգամավորը։
Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ արձագանքեց, թե այնպիսի տպավորություն է, որ պատգամավորների կոշիկների կրունկները մարզերի ճանապարհներին են մաշվել։
Նա հետաքրքրվեց, թե արդյոք 7-րդ գումարման ԱԺ-ի ընթացքում բոլոր պատգամավորները մեկնեցին մարզեր, բացի այդ էլ, նա հետաքրքրվեց, թե աշխատանքային այցերի ընթացքում արդյոք այդ 50 հազար դրամից են օգտվում, այլ ոչ՝ հավելյալ գործուղման ծախսերից։
«Ինչո՞ւ ենք 200 հազար դրամն ավելացնում մի բանի համար, որ առանց էլ այն էլ այդ ծախսերը հոգում են»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։
Իշխանական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը պատասխանեց, որ արտասահման գործուղվելիս, երբ գործ ունենք բավական մեծ ծախսերի հետ, ԱԺ-ն ծածկում է այդ ծախսերը, բայց հանրապետության ներսում պատգամավորների նյութատեխնիկական սպասարկումը բարելավելու կարիք ունի։
Սոֆյա Հովսեփյանի՝ պատգամավորների մարզեր այցելելու դիտարկմանն արձագանքեց նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը․
«Մարզերը քվեարկությամբ ցույց տվեցին՝ ում կրունկները որտեղ են մաշվել»։