«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ավազի շուկայում իսկական քաոս է. արդեն մի քանի օր է, ինչ ավազի գինը կտրուկ բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավազի մեկ կիլոգրամը 200 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, այսինքն՝ ավազի 30 կգ պարկը 7500 դրամ է, նախկին 6000 դրամի փոխարեն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ավազի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից հետաքրքրվել ավազի գնի բարձրացման պատճառների մասին: Մեր հարցին ի պատասխան՝ նրանցից մի քանիսը հայտնեցին, որ այս ընթացքում ավազի հանման թույլտվություն չի տրվում. եթե տալիս են, ապա մեծ դժվարությամբ: Ասել է թե՝ ավազի դեֆիցիտ է Հայաստանում, ինչի արդյունքում մեկ բեռնատար ավազի գինը 25000-30000 դրամի փոխարեն այժմ վաճառվում է 40000 դրամ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը ՍԴ-ն մերժեց ընդդիմության դիմումները, ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրություն կկազմի, եւ կբաժանեն մանդատները։ 8-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը կկայանա ոչ թե հուլիսի 26-ին, ինչպես ենթադրվում էր, այլ՝ օգոստոսի 2-ին։
Նույն օրն էլ Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ՝ առանց քվեարկության: Սահմանադրության 149-րդ հոդվածով՝ նորընտիր ԱԺ լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո ՀՀ նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության թեկնածուին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը՝ աշխատանքային ժամի ավարտին՝ 17:00-18:00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել ԳՇ պետ Դավթյանի եւ նրա առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի միջեւ:
Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունն այնքան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքների, աթոռ, մոխրաման միմյանց վրա նետելուն, որից հետո վեճն արդեն շարունակվել է միջանցքում: Իսկ թե կոնկրետ ինչու եւ ինչ թեմայի շուրջ են վիճել շտաբի պետն ու նրա տեղակալը, աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թեեւ վեճի մի մասը տեղափոխվել է նաեւ միջանցք: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Զինված ուժերի գլխավոր շտաբից՝ նախ հետաքրքրվելով՝ վեճ եղել է, թե ոչ, ինչի շուրջ են վիճել ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու իր առաջին տեղակալը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապագա կառավարության կազմն արդեն որոշակիանում է։ Կլինեն հիմնականում հին դեմքեր։ Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարար կնշանակվի, ինչպեսեւ գրել էինք, ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը։ Վաղարշակ Հարությունյանը կդառնա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Նախկին ԱԽՔ, այժմ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանն արտգործնախարար չի նշանակվի։ Այս պաշտոնը մնացել է Փաշինյանի կոկորդում, չի կարողանում սորոսական Գրիգորյանին նշանակել, քանի որ դա նշանակում է վերջնականապես փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, այլ անձ չի գտնում, ուստի որոշել են շարունակել Արարատ Միրզոյանին համոզելը, որ համաձայնի գնալ ԱԳՆ՝ ե՛ւ Միրզոյանից կպրծնեն, ե՛ւ ԱԳՆ-ից»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է Արցախի եւ հայ-ադրբեջանական սահմանի շուրջ նոր զարգացումներ կլինեն: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2021 թվականի հուլիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման հիմնական հարցերը՝ շեշտը դնելով առեւտրային ներդրումների եւ հումանիտար համագործակցության վրա։ Միեւնույն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան Միշելի հետ հանդիպման ժամանակ, խոսել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության եւ Ադրբեջանի նոր նկրտումների մասին»։