«Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հարցազրույց է տվել 3 հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին: Հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է սահմանային իրավիճակին և ընդգծել, որ Երասխում տիրող դեպքերից հետո կարծես, թե մոռացության են տրվել մյուս խնդիրները:
«Մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ, սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան իրավիճակում»,- ասել է Քոչարյանը:
Նա նշել է, որ մենք ցույց ենք տվել՝ ատամներ այլևս չունենք, և պետությունը ցանկություն չունի արժանապատիվ պատասխան տալու, իսկ Ադրբեջանը առաջ է տանելու իր օրակարգը:
«Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը և տարածքի զիջումը: Դա ընկալվելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ՝ որպես փրկություն: Սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է»,- նշել է նա:
Լրագրողի հարցին, թե այս իրավիճակում ինչպես մենք պետք է պահենք մեզ, Քոչարյանն ասԵԼ Է, որ վերջին մի քանի ամիասների ընթացքում, մենք ականատես ենք եղել այնպիսի հայտարարությունների Հայաստանի նկատմամբ, որոնք անընդունելի են եւ որոնց նկատմամբ Հայաստանը արձագանք չի տվել:
«Մենք սովորացրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարվել այս կերպ: Ավելին ասեմ, այս ամենը օգտագործվում է Հայաստանի կողմից, հենց ներքաղաքական նպատակների համար: Ես կկրկնեմ այդ միտքը` պատերազմից սարսափած ժողովրդին մանիպուլացնել հենց այդ վախերի միջոցով, կառավարվող վախերի միջոցով եւ դոզան ավելացնելով հասնում ես քո նպատակին ներսում: Իռացիոնալ մտածելակերպ է, բայց երբ աշխատում է վախի բնազդը, ամեն ինչ դառնում է ինչ-որ չափով իռացիոնալ: Ես կարծում եմ` այս գործոնը էական նշանակություն է ունեցել ընտրությունների ընթացքում եւ ընտրությունների ընթացքի վրա: Ինչ կանեի, ես կասեմ, որ այս կեցվածքը երբեք չէի ունենա եւ երկրորդը` պարտված, այսպիսի ծնկաչոք վիճակում երբեք չէի հայտնվի»,-ասաց նա: