«Հրապարակ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ․ իշխանության փողն ինքն է տնօրինելու՝ բառի ուղիղ եւ անուղղակի իմաստով։ Նրա՝ կառավարություն տեղափոխվելով, կարելի է ասել, կազմաքանդվելու է ՏԿԵ նախարարությունը՝ ենթակա գրեթե բոլոր ոլորտները հանվելու են նախարարության կառուցվածքից եւ դրվելու են փոխվարչապետի ենթակայության տակ։
Ինչպես հայտնի է, նախարարության ենթակայության տակ է գործում 4 մարմին՝ Ջրային կոմիտեն, Միգրացիոն ծառայությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Քաղաքացիական ավիացիան, դրանից բացի՝ մոտ երկու տասնյակի հասնող պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, որպիսիք են Ջրառը, ատոմակայանը, ՀԷՑ-ը եւ այլն։
Կառավարության կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաեւ վարչապետի որոշումներով՝ ամենաեկամտաբեր եւ փողոտ ոլորտները կենթարկվեն Պապիկյանին։ Անգամ ճանապարհաշինությունը, ինչ-որ կոմիտեի տեսքով, դուրս կգա ՏԿԵՆ-ից եւ ուղիղ կենթարկվի Պապիկյանին»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշնանը Հայաստանում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ ԿԸՀ որոշմամբ, դրանք նախատեսված սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 17-ի փոխարեն կկայանան, համապա-տասխանաբար, հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին: Հիմա արդեն քաղաքական ուժերն սկսել են պատրաստվել այդ ընտրություններին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, դրանց առանձնահատուկ ոգևորվածությամբ պատրաստվում են հատկապես իշխանությունները։ Ավելին, նրանք հույս ունեն ՏԻՄ ընտրություններում հերթական անգամ օգտագործել «պողպատյա մանդատի» բլեֆը և հաջողության հասնել։ Իշխանություններն իրենց գործը թեթևացնելու համար նպատակ ունեն մինչև աշուն հնարավորինս շատ համայնքներում հասնել գործող համայնքապետների պաշտոնանկության և սեփական թիմի ներկայացուցիչներին նշանակել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մնալ-չմնալու հարցը դեռ քննարկվում է։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ուզում է օր առաջ ազատվել նրանից, սակայն նոր ընտրությունների ճանապարհը վտանգավոր է, իսկ ավագանու միջոցով անվստահություն հայտնել չեն ուզում՝ հարմար կադր չունեն ցուցակում։ Ուստի իշխանությունը միջանկյալ լուծում է գտել։ Ի դեպ, իրենց շահերից բխող հարցերում շատ հնարամիտ են եւ արագ լուծումներ են գտնում։
Մեր տեղեկություններով՝ որոշել են, որ առժամանակ Հայկ Մարությանին ձեռք չեն տա, սակայն թաղապետեր՝ վարչական շրջանների ղեկավարներ նշանակելու եւ կադրային քաղաքականության մյուս հարցերը որոշում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Մինչեւ կգա նոր ընտրությունների ժամանակը, եւ Մարությանը բնական ճանապարհով կհեռանա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկածները հիմնականում Ռոբերտ Քոչարյանի օգտին են քվեարկել, սակայն այնպես ստացվեց, որ խորհրդարան անցավ դաշնակցականների մի պատկառելի թիմ, որոնք, առանձին մասնակցելու դեպքում, դժվար թե 5 տոկոսի շեմը հաղթահարեին։ Մինչ ընտրությունները ՀՅԴ-ն հմտորեն բանակցելով՝ զբաղեցրեց դաշինքի ցուցակի առյուծի բաժինը, հիմա էլ նույն հմտությամբ՝ հատ-հատ պայքարում է խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք պաշտոնների համար։ Մենք տեղեկացանք, որ Դաշնակցությունը հավակնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին, որի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է, եւ ուզում է զբաղեցնել ընդդիմությանը հասանելիք ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Արմեն Ռուստամյանը՝ որպես գործուղումների մեծ սիրահար, հավակնում է դառնալ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, իսկ Արթուր Խաչատրյանը, որպես գյուղատնտեսության նախկին նախարար՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի»: