Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակվող ռազմական հանցագործությունները ցույց են տալիս, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի վերջնական նպատակը հայկական պետականությանը ջախջախիչ հարված հասցնելն է։ Այս մասին ասվում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտարարության մեջ։
Գրասենյակը հիշեցնում է, որ 2021 թ. հուլիսի 27-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հյուսիս-արևելքում։
Գրասենյակում կարծում են, որ միջազգային հանրությունը, Եվրոպական Միությունը և ԵՄ անդամ երկրները պետք է մեկընդմիշտ հասկանան, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր փորձ՝ շարունակելու 2020թ. արցախյան պատերազմի ժամանակ սկսված հայերի էթնիկ զտումները:
«Այս ռազմական ագրեսիան ցույց է տալիս, որ ադրբեջանա-թուրքական կոալիցիայի վերջնական նպատակը հայկական պետականությանը ջախջախիչ հարված հասցնելն է և Ալիև ու Էրդողան բռնապետերի ցեղասպանական նկրտումները իրականացնելը: ՀՅԴ եվրոպական գրասենյակը խստորեն դատապարտում է Ադրբեջանի վերջին հարձակումները, կոչ է անում ԵՄ-ին, ինչպես նաև ազատ աշխարհի ժողովրդավարությանն անվերապահորեն դատապարտել Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի հանդեպ: Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ ադրբեջանա-թուրքական բռնապետական ագրեսիվ տանդեմը անհապաղ կանգնեցնելու համար։ Անպատժելիությունն ու անխոհեմ փոխադարձությունը հավասարազոր են ագրեսորին աջակցելուն։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք մեր ղեկավարությունից պահանջում ենք անթերի ազնվություն և արդարություն»,- ասված է հայտարարության մեջ։