Խորհրդարանն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարմամբ: Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի և աշխատանքի ժամանակահատվածները։
Օրենքի նախագիծը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Վարդանյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո կառավարությունը որոշակի փոփոխություններ է առաջարկել, սահմանվել են տեսչական վերահսկողության իրականացման պահանջները: