Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է, մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք․ ինչ են գրում թերթերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել՝ զերծ մնալ հայ-ռուսական հարաբերությունների ներքին խոհանոցը բացելուց, նաեւ՝ Ռուսաստանի դեմ հայտարարություններ անելուց, քանի որ դա կարող է թանկ նստել պետության ու հայ ժողովրդի վրա։
Այդ իրավունքը տրված է բացառապես Նիկոլ Փաշինյանին, ով ասելիքը տեղ է հասցնում դիվանագիտորեն, ինչպես նախօրեին կառավարության նիստում, երբ վերջին ռազմական բախումների եւ ՀԱՊԿ-ից շարունակվող փաստացի լռության ֆոնին առաջարկեց դիտարկել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահ հենակետերի տեղակայման հարցը եւ ասաց․ «ՀԱՊԿ շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ՔՊ խմբակցության ներկայացուցիչները պատրաստվում են այսօր և վաղը ակտիվ հանդիպումներ ունենալ միմյանց հետ և ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից առաջ քննարկել անելիքները:
Ըստ թերթի տեղեկությունների՝ գլխավոր հարցը լինելու է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը, որի հետ կապված՝ օրերս թեժ քննարկում էր ունեցել իշխող թիմը, եւ կարողացել էին միայն ընտրել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի և Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահներ՝ Վլադիմիր Վարդանյանին և Անդրանիկ Քոչարյանին»։
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ու իշխանության հետ այլ ձևաչափերով համագործակցությունների ականատես կլինենք։
բյուրի փոխանցմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ Արևմուտքին տված խոստումը կատարել և ընդգծված արևմտապաշտ գոնե մեկ ուժ անցկացնել խորհրդարան, հիմա փորձելու է, այսպես կոչված, «սորոսական» շրջանակներից մի քանիսին, ընդ որում, ոչ միայն «Նիկոլից ավելի նիկոլականներին», այլև նրանց, ովքեր ներկայումս քննադատում են իրեն և հանդես են գալիս իբր ընդդիմադիր դիրքերից, որևէ ձևաչափով համագործակցություն ապահովել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Պատիվ ունեմ» ղաշինքը ԿԸՀ-ից վերցրել է մանդատները: Դրա համար ԿԸՀ է գործուղվել դաշինքի 3-րդ համարը զբաղեցնող ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը։
Ապա որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ «Ծիրանի» ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել, որին մասնակցել են ոչ միայն խմբակցության պատգամավորները, այլեւ մեծ թվով ՀՀԿ-ականներ, «Հայրենիք» կուսակցության անդամներ։ Այս տարի մանդատների հանդիսավոր արարողություն տեղի չունեցավ, քանի որ ընդդիմադիրները դեմ են եղել դրան։ Մի քանի օր առաջ էլ «Հայաստան» դաշինքն ու «ՔՊ»-ն էին ԿԸՀ-ից սուսուփուս վերցրել մանդատները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գորիսի կրակոցների գործով իրավապահները խուզարկել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով նախաքննական մարմինը հետախուզում է հայտարարել նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ։
Ըստ էության, կրակոցների գործով երկրորդ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվում: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, եւ մարզպետի որդու նկատմամբ եւս հայտարարվել է հետախուզում: Նրան փտրում են ու փնտրում, իսկ հայրն էլ մարզպետ է աշխատում»։