«Փաստ» օրաթերթը գրում է․ «Չնայած նախատեսված 15-օրյա ժամկետին, հենց երեկ՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանն սկսել է կառավարության ձևավորման պրոցեսը: Արդեն պաշտոնապես հայտնի է, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգրկված չի լինի գործադիրում: Նրա անվան հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում: «Փաստ» թերթը երեկ ստացել է տեղեկություն, որ, ամենայն հավանականությամբ, Ավինյանը կնշանակվի «Անիվ» ՈՒՎԿ-ի միակ բաժնետեր ու մասնակից՝ գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի գործադիր տնօրեն:
Մեր աղբյուրները պնդում են, որ Ավինյանի քաղաքական կարիերան չի ավարտվում. առժամանակ նա կզբաղեցնի նշյալ «չեզոք» պաշտոնը, ապա Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի իշխող կուսակցության ցուցակը, այսինքն, կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն»։
«Հրապարակ»-ը գրում է․ «Շաբաթ-կիրակի «Քաղպայմանագրի» փակ նիստում որոշել են, որ իշխող խմբակցությունն ԱԺ մշտական հանձնաժողովները բաշխելիս նախ իր տնօրինության տակ կառնի պաշտպանության եւ պետաիրավական հանձնաժողովների նախագահությունը, ըստ այդմ՝ նախկին գումարման խորհրդարանում այդ հանձնաժողովների ղեկավարները կշարունակեն պաշտոնավարել, Անդրանիկ Քոչարյանը՝ պաշտպանության, Վլադիմիր Վարդանյանը՝ պետաիրավական հանձնաժողովում։ Ապա, ըստ Դոնթի բանաձեւի, մեկ հանձնաժողովի ընտրության հնարավորություն ունի «Հայաստան» դաշինքը։ Ենթադրվում էր, որ ընդդիմադիրները կնախընտրեն առանցքային նշանակություն ունեցող հանձնաժողովները, ընտրությունը, ի վերջո, կանգնել է տնտեսական հարցերի հանձնաժողովի վրա, որի նախագահ կառաջադրվի «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։ Ապա իշխանությունն իրեն կվերցնի մարդու իրավունքների եւ արտաքին կապերի հանձնաժողովները, առաջինի համար անցկացված ներկուսակցական քվեարկության արդյունքում 60 պատգամավորից ավելի քան 50-ն ընտրել է ազգությամբ եզդի իրավաբան Ռուստամ Բաքոյանին։ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը, առողջապահությանը՝ Նարեկ Զեյնալյանը։
Մեր տեղեկություններով, առողջապահությունից կառանձնացնեն սոցիալականը, եւ այն կնախագահի սորոսական Հերիքնազ Տիգրանյանը։ Ֆինանսավարկայինը հավանաբար կղեկավարի Բաբկեն Թունյանը։ Իշխանությունը Գեւորգ Պապոյանին էլ է հանձնաժողովի նախագահի պաշտոնում տեսնում, թեեւ դա կախված է նրանից, թե որ հանձնաժողովները կընտրի ընդդիմությունը, որին 3 հանձնաժողով է հասնում։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ էլ ՔՊ-ից կառաջադրեն Վաղարշակ Հակոբյանին։ «Հայաստան» դաշինքին, ըստ ամենայնի, կանցնի տարածքային կառավարման հանձնաժողովը, որի նախագահ կդառնա ՀՅԴ-ական նախկին մարզպետներից մեկը՝ Արթուր Խաչատրյանը կամ Աշոտ Սիմոնյանը։ «Հայաստան» դաշինքը մեկ հանձնաժողով էլ կզիջի «Պատիվ ունեմ» դաշինքին, որի նախագահի թեկնածուն Տիգրան Աբրահամյանն է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ օրենքի ուժով ՀՀ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը կառավարության ձեւավորման աշխատանքները սկսեց, որոնք դրսեւորվեցին նոր նշանակումներով: Ըստ այդմ, Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, ինչպես տեղեկացրել էինք դեռ հուլիսի 20-ին։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ կշարունակի պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը, որը լրանում է հաջորդ տարի սեպտեմբերին. վարչապետը չի ցանկանում նրան հեռացնել պաշտոնից։ Այժմ քննարկվում է Զինվորական դատախազի հարցը, թե ով պետք է նշանակվի այդ պաշտոնում։ Հավանական թեկնածուն Վահե Հարությունյանն է, որը զինվորական դատախազի տեղակալն է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, «նոր» կարգավիճակում Փաշինյանի առաջին այցը, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուսաստանի Դաշնություն: Չի բացառվում, որ դա կլինի նոր եռակողմ բանակցությունների մեկնարկը: Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ աշնանը Նիկոլ Փաշինյանը մտադիր է իրականացնել յուրատեսակ «համաշխարհային տուրնե», սակայն այդ այցերի գերակշիռ մասի նպատակը պարզապես լինելու է հայկական Սփյուռքի կենտրոններ այցելելը և սփյուռքահայության հետ հանդիպումները։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը նախատեսում է բավականին լուրջ պատվիրակության ուղեկցությամբ իրականացնել այդ շրջագայությունը՝ այդ քայլով սփյուռքահայության վստահությունը իր նկատմամբ վերականգնելու հույսով»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։