Այսօրվա իշխանությունները որդեգրել են հետնահանջի քաղաքականություն։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո մեր իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման և պարտադրանքի ներքո են գտնվում։ Սեյրան Օհանյանը չի կիսում իշխանության տեսակետը, թե ապաշրջափակումն օգուտ է լինելու Հայաստանին և՛ տնտեսական, և՛ այլ առումներով։
«Պետք է հասկանանք, որ խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ այլ նպատակ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների։ Եթե նույնիսկ լինի իրական սահմանազատում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ քարի, մահակի և այլ խոշոր սադրանքների, միգուցե նաև լայնածավալ պատերազմական գործողությունների հավանականությունն իջնում է»,- նշեց նա։
Ըստ Սեյրան Օհանյանի՝ Հայաստանը դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու համար բավարար և անհրաժեշտ պայմաններ՝ իրավական հիմքեր, քարտեզներ չունի, այդ իսկ պատճառով չպետք է արագ տեմպերով մտնի այդ գործընթացի մեջ, իսկ ստեղծված իրավիճակում առաջնային խնդիր պետք է դարձնի սահմանների ամրապնդումը։
«Այսօր այդ խաղաղության պայմանները չկան, որ մենք անցնենք դրան։ Այդ իրավիճակում մեր սահմանները պետք է ամրապնդենք, և ԱԺ-ն իր գործառույթների շրջանակներում պետք է այդ վերահսկողությունն իրականացնի, աջակցի զինված ուժերին։ Այլ բան է, որ Ադրբեջանն այսօր ներխուժել է, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք գնում ենք դիվանագիտական ճանապարհով։ Միայնակ դիվանագիտական ճանապարհով այդ խնդիրը լուծելը շատ դժվար է։ Դա պետք է անենք մեր ռազմավարական գործընկերների և ՀԱՊԿ-ի հետ»,- կարևորեց պաշտպանության նախկին նախարարը։
Նրա համոզմամբ՝ այս պայմաններում ճանապարհների ապաշրջափակում իրականացնելու դեպքում մեր երկիրը՝ հատկապես Սյունիքի հատվածը, ենթարկելու է տնտեսական մեծ ճնշման և այդ հատվածում հակառակորդը փոխելու է մեր ժողովրդագրական պատկերը։
«Պարզ ասած՝ թուրքերը գալու են լցվեն և տնտեսական ճնշման ենթարկեն մեզ, մեր համերկրացիների և այլ անուններով գնելու են անշարժ գույք, ինչը մեզ ոչ մի օգուտ չի տալու»,- մտահոգություն հայտնեց Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ պետք է բացվեն կումունիկացիները՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխել և հակառակը։