Այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի շենքում հանդիպել է Ազգային ժողովում հավատարմագրված հինգ լրագրողների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Factor TV-ի և «Կենտրոն» հեռուստաընկերության, ինչպես նաև «Ժողովուրդ», «Առավոտ», «Հրապարակ» օրաթերթերի լրագրողները։
Հանդիպմանը քննարկվել են օգոստոսի 2-ից շենքում գործող տեղաշարժի սահմանափակումները։
Լրագրողները նշել են, որ տեղաշարժի սահմանափակումների հետևանքով խաթարվել է իրենց աշխատանքը։ Ալեն Սիմոնյանը լսել է լրատվամիջոցների ներկայացուցիչների բարձրացրած խնդիրներն ու առաջարկները։ ԱԺ նախագահը հարցը լուծելու համար լրագրողներից ժամանակ է խնդրել։
Ալեն Սիմոնյանը լրագրողներին հորդորել է սպասել 3-4 օր։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կսպասեն ԱԺ նախագահի որոշմանը։ Նրանց խոսքով՝ եթե խնդիրը չլուծվի, պատրաստ են դիմել օրենքով նախատեսված այլ քայլերի՝ սահմանափակումները հանելու համար, քանի որ թե՛ տեղաշարժի սահմանափակումները, թե՛ առանձին գոտու ձևավորումն ավելի է դժվարեցնելու պատգամավորների հետ շփումն ու հարցազրույցների անցկացումը։
Հիշեցնենք, որ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք են իրականացրել՝ պահանջելով չեղարկել լրագրողների տեղաշարժի սահմանափակումները: Ստորագրահավաքին միացել է նաև Armenia Today-ի լրագրողը։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 2-ից ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումներ են գործում։
ԱԺ նախագահի նոր որոշմամբ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին խորհրդարանում տրամադրվելու է հատուկ գոտի, որտեղ տեղի կունենան ճեպազրույցները։ Լրագրողները նախկինի պես չեն կարող խորհրդարանի շենքում պատգամավորի հետ հարցազրույցներ անցկացնել։ Պատգամավորների հետ հարցազրույց անցկացնելու համար նախապես պետք է ունենան նրանց թույլատվությունը և սենյակ մտնեն ուղեկցողով։
Մի շարք լրագրողական կազմակերպություններ ևս դատապարտել են այս սահմանափակումները։