«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածության քվեարկությանը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Չուզենալով խոչընդոտել Ազգային ժողովի մարմինների ձևավորման բնականոն ընթացքն ու ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,- ասաց նա։
Բաղդասարյանը նշեց, որ իրենք կառուցողական աշխատանքի պատրաստակամություն ունեն։ Խմբակցության քարտուղարի խոսքով՝ իրենք մեր երկրում թշնամիներ չունեն, այլ՝ քաղաքացիական մրցակիցներ։
«Կառավարող խմբակցությունը հակված չէ երկիրը տանել կոլապսի և սահմանադրական ճգնաժամ առաջացնել: Մեզ համար գերադասելի չէ Իշխան Սաղաթելյանը կամ ընդդիմադիր որևէ գործիչ, մեզ համար գերադասելի է ՀՀ շահը»,- ընդգծեց իշխող ուժի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշիբքները ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրել են Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։