Անկարան Հայաստանին կոչ է անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից ու գործողություններից, հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին ու զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ։ Այս մասին, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ասվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած նիստի արդյունքներով. գրում է «Անադոլու» գործակալությունը։
«Հայաստանը պետք է օգտագործի խաղաղության ու կայունության հնարավորությունը, որն ի հայտ է եկել առաջին անգամ երկար ժամանակ անց Հարավային Կովկասում»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել ու երկու երկրների ղեկավարները ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը նաև Էրդողանին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին իբր «Հայաստանի կողմից իրականացվող սադրանքների» մասին։ «Առաջնորդները նաև կարծիքներ են փոխանակել հետկոնֆլիկտային փուլում տարածաշրջանային գործընթացների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում ու հրաժարվում են հեռանալ։ Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է իրականացվում, ինչպես հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի, այնպես էլ Գեղարքունիքի հատվածում։