«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարության նիստին որոշում կայացվեց աստիճանաբար դադարեցնել Երեւանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը: Այս որոշման նախագիծը մի շարք դժգոհություններ է առաջացրել կառուցապատող ընկերությունների մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ: «Մենք բոլոր կառուցապատողներով մտահոգված ենք խորապես, որովհետեւ եթե կյանքի կոչվեց եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծը, ուրեմն կառուցապատումը, կոպիտ ասած, դատապարտված է դեգրադացիայի: Ինչու՞. որովհետեւ այս ծրագիրն այն խթանիչ լոկոմոտիվ շարժիչն է, որի շնորհիվ մարդիկ շահագրգռված տուն էին առնում»,- նկատեց Գուրգեն Գրիգորյանը: Մեր զրուցակիցը համոզված է՝ եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, այսինքն՝ եկամտահարկյի վերադարձը վերացվի, ապա կառուցապատողները շենքեր չեն կառուցի, որովհետեւ իրացնելու խնդիր կունենան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ ավարտվեց մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Օրակարգային մյուս հարցերն են կառավարության կառուցվածքն ու ծրագիրը: Չնայած երկու նախագծերն էլ դեռեւս շրջանառության մեջ չեն դրվել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը որոշակի մանրամասների տեղյակ է: Ինչպես հայտնի է, ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն՝ նոր լիազորություններով, եւ այնտեղ որպես փոխնախարար կգործուղվի նախկին պատգամավոր Հակոբ Սիմիդյանը: Մյուս փոփոխությունը վերաբերելու է փոխվարչապետերից մեկի լիազորություններին, եւ տարածքային կառավարման ամբողջ ոլորտն այսուհետ կլինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ղեկավարման տակ, որն ավելի փորձառու է այդ ոլորտում: Իսկ, ահա, կառավարության ծրագրի վերաբերյալ գործադիրի դեռ նախորդ նիստին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա առաջարկել է, որ ծրագիրը հիմնված լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավագանու ու համայնքապետի պաշտոնը իրենով անել: Երեկ այս մասին խոսեց նաեւ ԱԺ պատգամավոր, կապանցի Աննա Գրիգորյանը, ըստ որի՝ իշխանությանը հաջողվել է արդեն հասնել նրան, որ համայնքի ավագանին հրաժարական է ներկայացնում, ինչը նշանակում է, որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում»։