Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին․ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնել են ԱԺ-ից։
«Ողջունելով դեսպանին՝ խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հայ և վրաց ժողովուրդների միջև առկա հարաբերությունները և շնորհակալություն հայտնեց Գիորգի Սագանելիձեին՝ դիվանագիտական ծառայության ընթացքում այդ ուղղությամբ կատարած սերտ աշխատանքի համար: Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ալեն Սիմոնյանին փոխշահավետ ու արդյունավետ համագործակցության համար:
Նա ընդգծեց, որ հայ-վրացական փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, և այդ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն: Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ կարևորեց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ Վրաստանի իշխանությունների միջնորդությունը և հույս հայտնեց, որ հետագայում ևս Վրաստանն այդ հարցում կցուցաբերի իր օժանդակությունը:
Այդ համատեքստում նա ընդգծեց տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Դեսպանը ևս կարևորեց տարածաշրջանում խաղաղության գործոնը: Նա նշեց, որ մեր երկրից հեռանում է ջերմ հուշերով՝ մնալով Հայաստանի բարեկամը»,- հայտնել է ԱԺ-ն: