Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները չեն անցկացվի։ Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Երևան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև՝ Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։
Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և 90-ամյա հոբելյանը նշող Երևանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին»,- մանրամասնել է նա։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս միջոցառումը տեղի չէր ունեցել։