«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այսօր մեկնել Ղրղզստան: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչեւ օգոստոսի 21-ը Փաշինյանը պաշտոնական այցով լինելու է այնտեղ, որտեղ պետք է կայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Դա էր պատճառը, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրվա երկրորդ կեսին կառավարության նիստ հրավիրեց ու ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը: Փաշինյանը նախօրեին էլ փակ հանդիպման ժամանակ է ներկայացրել կառավարության ծրագիրն իր թիմին ու հայտարարել, որ առաջիկա օրերին կառավարությանը ուղարկեն իրենց առաջարկությունները: Թե արդեն Ղրղզստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ հանդիպումներ կունենա, դեռեւս անհայտ է, քանի որ օրակարգը հանդիպումների դեռեւս հստակեցվում է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը «փակել է» Գագիկ Ծառուկյանի քրեական գործը: Ավելին՝ իրավապահ համակարգում կատակում են, որ քրեական գործով այնքան գործ չի արվել, որ թղթապանակների վրա փոշի է նստել: Ինչո՞ւ ԱԱԾ-ն որեւէ քայլ չի անում ԲՀԿ առաջնորդի քրեական գործով՝ հաշվի առնելով 2020 թվականի ԱԱԾ-ի գերակտիվ գործողությունները վերջինիս մասով, խուզարկությունները, նրան մի քանի անգամ ԱԱԾ հրավիրելը եւ, իհարկե, պատերազմի օրերին կալանավորելը։ Գուցե այն ժամանակ հրահանգ կար իշխանությունների կողմից, իսկ հիմա որոշել են «ներել»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանի հանձնաժողովների ձեւավորումը դարձել է իսկական գլխացավանք: Բանն այն է, որ իշխանական ֆրակցիայում դժվար է գտնել պատգամավորների, որոնք լավ տնտեսագետներ են, իրավաբաններ, կրթության ոլորտի մասնագետներ կամ միջազգային կառույցներում կռիվ տվող անձինք: Ու հիմա իշխանության ներսում իսկական խառնաշփոթ է, քանի որ ԱԺ ընդդիմությունում կարծես թե մասնագետների խնդիր չկա, ու իշխանությունը համապատասխան պատգամավորների է փնտրում, որպեսզի կարողանան հանձնաժողովներում կռիվ տալ ու իրենց ցանկալի նախագծերն անցկացնել: Հատկապես իշխանության համար կարեւոր է մասնագետ պատգամավորներ ունենալ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում, Պետական-իրավական մշտական հանձնաժողովում, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչպես նաեւ իրենց տիրապետության տակ գտնվողներում, որպեսզի ամեն գնով հասնեն իրենց նպատակներին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հեղուկ գազի շուկան արդեն երկու ամիս է, ինչ չի կարգավորվում: Եթե շաբաթներ առաջ հեղուկ գազը կտրուկ թանկացել էր, ապա այժմ այն պարզապես չկա: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ չի դադարում վարորդներից դժգոհություններ ստանալ: Նրանց խոսքերով՝ իրենք այս օրերին չեն կարողանում հեղուկ գազ գնել, եթե գտնում են, ապա բարձր գնով: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Գազ Պրոպան» ընկերության հետ եւ հետաքրքրվեց՝ ինչու հեղուկ գազ չկա եւ երբ է լինելու: Մեր հարցին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչն ասաց. «Կոնկրետ մեզ մոտ այսօր (երեկ) երեկոյան՝ 20.00-ից հետո մեկ մեքենա կլինի, բայց միայն մեր ընկերության՝ Տիչինա հասցեի մասնաճյուղում, իսկ մեկ-երկու օրից՝ մյուս մասնաճյուղերում: Այս պահին հեղուկ գազի համար մեծ հերթեր են Ռուսաստանի Դաշնությունում, չեն հասցնում մեքենաները բարձել, դրա համար չկա գազ: Ռուսաստանում մեզ ասում էին՝ գազ չկա, քիչ է, դրա հետեւանքով են հերթեր գոյացել»: Ի դեպ, սրան զուգահեռ նկատենք, որ Հայաստանում հեղուկ գազի գինը երկու ամիսների ընթացքում 200 դրամից բարձրացել է՝ դառնալով 260-270 դրամ»։