Անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԱԾ տնօրենի հետ եկել են պայմանավորվածության, որ շարունակելու են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել և ավելի խորացված հետախուզություն է իրականացվելու։ Այս մասին ԱԱԾ տնօրենի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։
«Պայմանավորվեցինք, որ պարբերաբար հանդիպելու ենք և մեզ զեկուցելու են կատարված աշխատանքի մասին։ Հիմա ամբողջացնելու են այդ տեղեկությունները, որպեսզի մասնագետներն էլ արդեն իրենց աշխատանքները կատարեն, եթե գերատեսչությունները ժամանակին իրենց աշխատանքները կատարեին, այսպես չէր լինի»,- նկատեց նա։
Անհետ կորած զինծառայողի հարազատի խոսքով՝ ՊՆ-ն մինչև այսօր ռազմական հետախուզություն չի արել, զինվորների տվյալների հավաքագրման աշխատանք չի կատարել։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց: Նրանք հանդիպում էին պահանջում ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ։ Շուրջ 2 ժամ է տևել անհետ կորած զինծառայողների հանդիպումն Արմեն Աբազյանի հետ։
Ծնողները բողոքում են, որ պատերազմից ամիսներ է անցել, սակայն իրենց զավակների մասին որևէ տեղեկություն չունեն։