Անդրկովկասում իրավիճակը գտնվում է ռուսական կողմի մշտական ուշադրության կենտրոնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումն անվերապահ առաջնահերթություն է։ Բաքվի և Երևանի հետ պարբերաբար բարձր մակարդակով շփումներ են իրականացվում։ Մասնավորապես, ամռան ընթացքում Մոսկվայում հանդիպումներ են կայացել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։
Զախարովան նշել է, որ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում արտաքին քաղաքական, պաշտպանական, սահմանային գերատեսչությունների ուղղությամբ, Երևանում և Բաքվում ակտիվ աշխատում են նաև Ռուսաստանի դեսպանատները: Նա շեշտել է, որ առկա բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում՝ հաշվի առնելով հարցի հատուկ զգայունությունը, այդ թվում՝ անվտանգության հանգամանքը։ Այս կապակցությամբ Զախարովան մատնանշել է դիմակայության, առավել ևս ռազմատենչ հռետորաբանության անարդյունավետության հանագմանքի մասին, որին երբեմն դիմում են Անդրկովկասի երկրների առաջնորդները:
«Այդ հայտարարությունները հարվածում են մի կետի և վնաս են հասցնում գլխավորին՝ կայուն արդյունքի հասնելուն, որն ամրագրված է նշված հայտարարություններում», – հայտարարել Է Զախարովան՝ հավելելով, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում բարձր են գնահատում Մոսկվայի և ռուսական խաղաղապահ զորախմբի կայունացնող դերը, որը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:
Խաղաղապահների գործունեության շնորհիվ, Զախարովայի խոսքով, տարածաշրջանում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, մշտապես տվյալներ են տեղադրվում վերադարձող քաղաքացիների մասին, իսկ առանձին հարցեր լուծվում են աշխատանքային կարգով: Այդ հարցերի առաջացման պատճառները Բաքվի և Երևանի հարաբերություններում վստահության դեֆիցիտն է։
«Ռուսաստանը կողմ է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր առողջացմանը, և այդ դիրքորոշումը բարձր մակարդակով հասցվում է և՛ Բաքվին, և՛ Երևանին։ Մենք կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ վերացնել հումանիտար դաշտում առկա փոխադարձ հարցերը, ռազմագերիներին փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով և ականապատ դաշտերի քարտեզների տրամադրմամբ՝ ամբողջ ծավալով», – հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ արտասահմանում ռուսական զենքի մատակարարումների իրականացումը Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է:
«Սպառազինությունների մատակարարման շուրջ համապատասխան փոխգործակցությունը մեզ մոտ հաստատվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Ընդ որում, մենք հաշվի ենք առնում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը», – ընդգծել Է Զախարովան՝ հիշեցնելով ՌԴ ԱԳՆ կոչերը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումից ձեռնպահ մնալու եւ հարցերը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտության հետ։
«Մենք նախկինի պես կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունների մեկնարկն է՝ դրան հաջորդող սահմանագծմամբ։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ մատնանշելով տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքի վերսկսումը, որի նիստը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին՝ Մոսկվայում: