«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը պատրաստվում է մեկնել հանգստի, որը կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում: Ըստ մեր տեղեկությունների՝ կառավարության ղեկավարն իր ընտանիքով այնտեղ կմեկնի օգոստոսի 26-ից: Ինչո՞ւ հենց Սոչի, արդյոք այդ քայլով Փաշինյանը նպատակ ունի՞ Ռուսաստանի իշխանությանը ցույց տալ իր վերաբերմունքը՝ իբրեւ ՌԴ-ի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք, եւ ակնկալում է իր այդ քայլի դիմաց փոխհարաբերությունների ջերմացում: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից պարզել, թե ինչու է Ն. Փաշինյանը ընտրել Սոչիում հանգիստը, սակայն Գեւորգյանի հեռախոսն անջատված էր ողջ օրը, ու, ընդհանրապես, վերջին ժամանակահատվածում նրան գտնելն անհնարին է դարձել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի առողջապահության նախարարությունը մի շարք քաղաքացիների անհարմար դրության մեջ է գցել. երեւանյան որոշ պոլիկլինիկաներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութ չկա, որպեսզի քաղաքացիները ստանան իրենց երկրորդ դեղաչափը: Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ քաղաքացիներից հեռախոսազանգ է ստանում: Նրանց խոսքերով՝ իրենք մոտեցել են իրենց տարածքային պոլիկլինիկա՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու համար, սակայն բուժհաստատությունից փոխանցում են, որ չունեն. «Ասում են՝ գնացեք, կստանանք, կկանչենք»: Անգամ նախապես քաղաքացիներին չեն զգուշացրել չմոտենալ պոլիկլինիկա: Սա անթուլատրելի է, քանի որ առաջին պատվաստումը ստանալուց որոշ ժամանակ հետո պետք է մարդը պատվաստվի: «Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի բաշխումն իրականացվել է, սակայն որոշ պոլիկլինիկաներում այն արդեն վերջացել է, իսկ որոշներում կա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 12-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին մասնակցելու համար հայրենի իշխանությունը թեկնածու է փնտրում: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը նպատակ ունի պալատը եւս իր հսկողության տակ վերցնել, քանի որ ներկայիս նախագահ Արա Զոհրաբյանին չկարողացավ իրեն ենթարկեցնել, եւ հիմա փորձում է իրեն հավատարիմ մարդու բերել՝ ՓՊ-ն ամբողջությամբ վերահսկելի դարձնելու համար»: