Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դիմել են միջազգային հանրությանը՝ դատապարտելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի տարածքային ամբողջականության կոպտագույն խախտումը և երկրի քաղաքացիական բնակչության դեմ ուժի շարունակական կիրառումը։
Հայտարարությունը, որին միացել է 16 կազմակերպություն, մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակի շարունակման կապակցությամբ: Մի քանի ամիս շարունակ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ պարբերաբար հրահրելով ռազմական կոնֆլիկտներ՝ խախտելով միջազգային իրավունքը:
«Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, որոնք շարունակվում էին մի քանի ամիս, չունեցան որևէ իրավական կամ քաղաքական հետևանք, չստացան համապատասխան արձագանք միջազգային հանրության կողմից, ինչի արդյունքում Ադրբեջանի սադրիչ գործողությունները սաստկացան վերջին շրջանում, ինչը հանգեցրեց նոր զոհերի: Այս միջադեպերը հաղորդվել են ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, այնպես էլ տեղական ԶԼՄ-ների կողմից:
Խախտելով նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը, Ադրբեջանը նման ագրեսիվ գործողություններ է ձեռնարկել Արցախի հետ սահմանին՝ խաղաղ գործընթացը խաթարելու և նոր լայնածավալ բախումներ հրահրելու նպատակով: Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ուղեկցվում են ռազմատենչ հայտարարություններով, տարածքային պահանջներով, ամենաբարձր մակարդակով ռազմական գործողությունների սպառնալիքներով, երկխոսության ցանկացած հնարավորության խափանումով և հայերի նկատմամբ ատելության տարածմամբ Ադրբեջանում և Թուրքիայում: Իրենց հայտարարություններում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ բացահայտորեն ընդունում են, որ ադրբեջանական զորքերը տեղակայված են Հայաստանի ինքնիշխան տարածքում: Վերջիններս միաժամանակ ապատեղեկատվություն ու ստեր են տարածում, թե Հայաստանը ռազմական գործողությունների նախաձեռնողն է: Այս անպատասխանատու գործողությունները ոչ միայն բացասաբար են անդրադառնում հայ բնակչության կյանքի վրա, այլև սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հրապարակայնորեն դատապարտել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը»,- ասված է հայտարարության մեջ։