Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նոր նախարար։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահականը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր Մանե Թանդիլյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արմինե Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար։
Նշենք, որ այդ պաշտոնում Մանե Թանդիլյանն էր, որը նախապես հայտարարել էր, որ սեպտեմեբրի 1-ից չի զբաղեցնի պաշտոնը։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ մեր նախնական պայմանավորվածության համաձայն՝ իմ պաշտոնավարումը, որպես Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, մոտենում է ավարտին։
Սեպտեմբերի 1-ից իմ ծառայությունը Արցախին շարունակելու եմ «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում, որի միջոցով Արցախում իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր, և առաջին հերթին, մեր գործընկերների ուղղակի և գործուն մասնակցությամբ, Արցախի Դահրավ գյուղի մոտ կառուցվում է 100 տուն ունեցող նոր բնակավայր, որտեղ կարող են կյանքը շարունակել տեղահանված մեր արցախցի հայրենակիցները»,- գրել էր Թանդիլյանը։