Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ:
«Հանդիպմանը երկուստեք կարևորվել է քաղաքական երկխոսության շարունակականությունը, որի խթանման գործոններից է նաև խորհրդարանական դիվանագիտությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հավասարակշված և անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում` երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից 2020 թ. հոկտեմբերի 16-ին և 2020 թ. դեկտեմբերի 24-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կարևորությունն ընդգծող բանաձևերի ընդունման կապակցությամբ»,- նշված է ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ անհրաժեշտ է նաև խթանել միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն էլ իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված գործընթացներին:
Զրուցակցի խնդրանքով ԱԺ նախագահը տեղեկատվություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլից` պատմելով նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և նրանց վերադարձնելու կապակցությամբ տարվող աշխատանքների մասին: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ հայկական կողմն ապավինում է իր բոլոր գործընկերների աջակցությանը` ռազմագերիների շուտափույթ արձակումն ապահովելու համար: