ՀՀ Կառավարությունն այսօր՝ փետրվարի 13-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց 2019 թվականի սեպտեմբերի 10-ին Բեռլինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «2013 թվականի ապրիլի 19-ին կնքված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը» կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Գործադիրը հավանություն տվեց նաև 2018 թվականի հունիսի 20-ին Բրյուսելում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Համաձայնագրերի նպատակն է փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում, Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու, կամ բնակվելու համար սահմանված պահանջները և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը: