Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո՛» շտաբը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում։
2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը դաշինքը» շրջանառության մեջ էր դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը», որն առաջին ընթերցմամբ չընդունվեց։ Դրան հետևել է հարցը հանրաքվեի դնելու քվեարկությունը, որն ընդունվել է «Իմ քայլի» 88 պատգամավորի կողմ, «Լուսավոր Հայաստանի» 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։
Փետրվարի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը, որի համաձայն՝ այն կկայանա ապրիլի 5-ին։
Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեի քարոզչությունը մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից հետո 7-րդ օրը և ավարտվում հանրաքվեից մեկ օր առաջ, ինչը նշանակում է, որ փետրվարի 17-ից կմեկնարկի նախընտրական քարոզչության փուլը։
Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը։