ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոր քաղաքական կուսակցության ղեկավարությամբ պլանավորում է հանդես գալ որպես Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ընդդիմադիր ուժ։ Այս մասին հայտնել է Վանեցյանը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։
«Նոր քաղաքական ուժը կլինի աջ-աջկենտրոնամետ ուղղության, իսկ գաղափարախոսության և ծրագրի հիմքում ներդաշնակորեն կզուգակցվեն ավանդույթներն ու առաջընթացը։ Այս պահին ընթանում են լայն խորհրդակցություններ համախոհների և հնարավոր գործընկերների հետ, և միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո մենք առաջ կքաշենք հստակ ծրագրային դրույթներ և հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզ»»,-հայտարարել է Վանեցյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում ձևավորվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ, իսկ կառավարությունը հեռացել է 2018թ․ գարնան «թավշյա հեղափոխության» նպատակներից։ ԱԱԾ նախկին տնօրենը նաև ընդգծել է, որ Հայաստանում վերադարձ անցյալին չի կարող լինել։ Վանեցյանը նաև կտրուկ դեմ է արտահայտվել «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքով քաղաքական սահմանազատմանը։
Վանեցյանը հայտարարել է, որ «թավշյա հեղափոխության» ժամանակ և հետո Հայաստանում մարդիկ ցանկանում էին արդարություն, կենսամակարդակի, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտում ծառայությունների որակական բարձրացում։ «Հայտարարեցին և չարեցին»,-ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Վանեցյանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է և կլինի Հայաստանի ռազմավարական դաշնակիցը։ Ըստ նրա՝ Երևանը և Մոսկվան պետք է պահպանեն եղբայրական և ռազմավարական հարաբերությունների բազմադարյա պատմությունն ու կուտակված ներուժը, դրանք զարգացնեն ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ բազմակողմ ձևաչափերում։
Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրենը նաև հայտարարել է, որ 2019թ․ սեպտեմբերին, երբ իր պաշտոնից հեռացավ, նրա հակասությունները գործող Վարչապետի հետ դարձան անհաղթահարելի։