ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, սահմանադրական փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանին՝ խնդրեց պատասխանել այն հարցին, թե այս երկու տարիների ընթացքում գործող իշխանությունների ո՞ր բարեփոխումներն է տապալել ՍԴ-ն։
Վահագն Հովակիմյանն ի պատասխան նշեց, որ ՍԴ-ն իր էությամբ ու որոշ անդամների գործունեությամբ զբաղված է բարեփոխումները հնարավորինս կանգնեցնելով։ ՍԴ վերջերս կայացրած որոշումները թիրախում ունեն ԲԴԽ բարեփոխումների կրճատում, դատական համակարգում բարեփոխումներին խոչընդոտում։ Հովակիմյանը նաև հավելեց, որ հանրությունն այս Սահմանադրական դատարանին չի վստահում, այն դատարանին, որը երկու տասնամյակից ավել ոտնակոխ է արել ժողովրդի իշխանությունը:
Էդմոն Մարուքյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ նախագիծը չի ընդունվում ԱԺ-ում և ուղարկվում է հանրաքվեի, ՀՀ միլիոնավոր քաղաքացիների ուղարկում ենք տեղամասեր, երկիրը 3-4 ամիսներով մտցնում ընտրական գործընթացի մեջ, նախկին իշխանություններին հնարավորություն տալով մասնակցել քաղաքական պրոցեսներին և վերակենդանանալ։
Ի պատասխան Հովակիմյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների ընդունման գործընթացը Սահմանադրությունում ըստ էության հիշատակվում է 3 հոդվածով՝ 168 հոդված, որը սահմանում է ՍԴ լիազորությունները, 169-րդ հոդված, որը սահմանում է այս հարցով ՍԴ դիմողին և 202 հոդված, սահմանում է, թե ինչպես է փոփոխություններն իրականացվում։ 202 հոդվածում ՍԴ եզրակացության մասին խոսք անգամ չկա, բայց ամեն դեպքում, երբ երեք հոդվածների համակցության մեջ դիտարկենք՝ իրավաբանները պնդում են, որ ՍԴ եզրակացությունը կարող է բխել Սահմանադրության երկրորդ հոդվածից, որտեղ ասվում է իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյանների միջոցով։ Ստացվում է ժողովրդի իշխանության իրացման մարմինը պետք է լինի ՍԴ-ը, բայց քանի որ խնդիրը վերաբերում է ՍԴ այն չի կարող լինել ժողովրդի իշխանության իրացման մարմինը»,-նշեց Հովակիմյանը։