Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայոց բանակի կազմավորման 28 ամյակի կապակցութամբ, այսօր՝ հունվարի 28-ին այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին և Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին:
Այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նախագահն անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի և եղբայրների՝ Արմեն և Արամ Սարգսյանների հետ, շնորհավորել նրանց՝ Բանակի օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ:
Զրուցակիցները հուշեր են պատմել Սպարապետի մասին, հիշել նրա կյանքին ու գործունեությանն առնչվող բազմաթիվ դրվագներ: