Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով հունվարի 22-ին կմեկնի Իսրայել՝ մասնակցելու Հոլոքոսթին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը կանցկացվի Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում՝ նշանավորելով Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը և հաստատելով այն ուղերձը, որ հակասեմիտիզմը չպետք է տեղ ունենա ներկա աշխարհում։
Համաժողովը տեղի է ունենում Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի բարձր հովանու ներքո, կազմակերպվել է գիտնական և բարեգործ Մոշե Կանտորի ղեկավարությամբ գործող «Հոլոքոսթի հիշատակի համաշխարհային ֆորում» հիմնադրամի կողմից՝ Յադ Վաշեմի հետ համագործակցությամբ։
Հայաստանի նախագահը Երուսաղեմում հանդիպումներ կունենա Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի, Կնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնի հետ կայցելի Երուսաղեմի հայոց պատրիարքարան։
Հայաստանի Հանրապետության նախագահը կայցելի նաև Իսրայելի գիտակրթական հաստատություններ։