ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 22-ին, տեղի ունեցող նիստում առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Նախագծի հեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաթոշակառուների կողմից հնչող բազմաթիվ խնդիրներով։
«Առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից»,- նշեց Մանե Թանդիկյանը՝ միաժամանակ նշելով, որ առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի, եթե հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն:
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: