ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը դեմ կքվեարկի Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու նախագծին: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, խորհրդարանում հայտնել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Իրավունքի ուժով կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողով, դա մեկ բան է, բայց, միևնույն ժամանակ, «ՏԻՄ մասին» օրենքով սահմանված և արձանագրված է, որ կան լիազորություններ, որտեղ մենք` որպես օրենսդիր, մուտք չունենք: Եթե ուզում ենք հարցերի պատասխանները ստանալ, բացի դատական համակարգից, կա նաև ավագանու ինստիտուտը, եթե դուք համարում եք այն ինքնանպատակ, կարող եք հրաժարվել ինստիտուտից կամ համապատասխան որոշում կայացնել»,- ԱԺ-ում, դիմելով «Լուսավոր Հայաստանի» գործընկերներին, նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Խմբակցությունը, Մակունցի տեղեկացմամբ, որոշում է կայացրել չառաջադրել թեկնածուներ հանձնաժողովի կազմի համար և դեմ է քվեարկելու կազմը հաստատելու նախագծին։
Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվում է բիզնեսի ներկայացուցիչների կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրված փոխադրամիջոցների իրավաչափության ուսումնասիրման համար։