Այսօր` հունվարի 5-ին, դեպի Արտանիշ լեռը բարձրանալու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
«Նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, և Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ։ Գիտեք, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, Միացյալ Նահանգները մեզ համար բարեկամ երկիր է, և այս իրավիճակում, մենք, իհարկե, չենք կարող քաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաև հակաամերիկյան գործողությունների մեջ։ Եվ մեր ուղերձն այն է, որ Իրանի և Միացյալ Նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- նշել է վարչապետը։
ՀՀ վարչապետը նշել է, որ բոլոր հանձնարարականները տրված են Հայաստանի համապատասխան կառույցներին՝ իրավիճակին հետևել ուշի ուշով և մատը պահել զարկերակին՝ հավելելով, որ անհրաժեշտ բոլոր քայլերն արվել են ու արվում են։
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է ուրբաթ օրը՝ հունվարի 3-ին, Բաղդադի օդանվակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով։ Սոլեյմանիից բացի սպանվել են «Ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ տասը զինակիցներ։ Զոհվածները երկու մեքենայով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից։ ԻՀՊԿ-ն հաստատել է Իրաքում գեներալ Սոլեյմանիի սպանությունը։